ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ՉՈՒՆԵՆ
ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունները գյուղական համայնքներում ուսուցիչները չունեն: Դասագրքերը տպագրվում են, բայց միայն տարրական դպրոցների համար, բարձր դասարանցիների համար էլ կան գրքեր, սակայն դրանք չեն համապատասխանում կրթակարգին: Այսօր այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՀ Կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասատրյանը:
Հայաստանում ազգային փոքրամասնությունները կազմում են 2.5 տոկոս եւ, ըստ պաշտոնական տվյալների` ամենամեծ համայնքը եզդիական համայնքն է: Հայաստանում, ըստ 2001թ մարդահամարի արդյունքների, գրանցված է 42000 եզդի: Ռուսական համայնքը ունի 14.000 անդամ, որից 5000-ը մալականներ են: Ասորական համայնքի անդամների թիվը տատանվում է 3600-ի շրջանակներում, ուկրաինական համայնքինը` 3000, իսկ հույներինը` 1300-ի սահմաններում: Հայաստանում գրանցված է 11 ազգային փոքրամասնություն:
Հայաստանում ուկրաինական համայնքի ղեկավար Ռոմանիա Յավիրը ասաց, որ չունեն լուրջ խնդիրներ, իսկ առաջացածներն էլ` լուծվում են: Նա նաեւ ասաց, որ արդեն 17 երկրներ ընդունել են, որ ուկրաինացիների նկատմամբ ցեղասպանություն է կատարվել եւ մահացել է 10 մլն մարդ, եւ որի կազմակերպիչը, ըստ նրա, եղել է Ստալինը:
Ի դեպ, այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Քննարկվել են ազգային փոքրամասնություններին հուզող սոցիալական, կրթական, մշակութային եւ այլ խնդիրներ: Սոցիալական, կրթական ոլորտներում առկա խնդիրների շարքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի, համայնքային ճանապարհների, այլ ենթակառուցվածքների բարելավման, նախակրթարանների ստեղծման, ազգային փոքրամասնությունների լեզվի դասագրքերի տպագրության, ուսուցչական կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, դպրոցների շենքային պայմանների բարելավման եւ այլ հարցեր:
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված բոլոր խնդիրներն ու առաջարկությունները կքննարկվեն եւ դրանց լուծման ընթացքի մասին որոշակի տեղեկություններ կներկայացվեն հաջորդ հանդիպման ժամանակ: «Համոզված եմ, որ դուք մեզ հետ կիսում եք մեր բոլոր` տնտեսական, սոցիալական եւ այլ դժվարություններն ու խնդիրները եւ մեր երկրի զարգացումը` բնականաբար, պետք է անդրադառնա նաեւ ձեր կյանքի ու գործունեության բարելավման վրա»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
|