Եզդիների ազգի Նոր տարին
Աշխարհի եզդիներն այսօր նշում են իրենց ազգային՝ Արևի տոնը (Աիդա Շամսի), իսկ փետրվարին նշվում է Խդըր Նավիե տոնը, որը համընկնում է հայկական սբ. Սարգսի տոնի հետ, այս մասին Ezdi.clan.su–ին հայտնեց եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ Ազիզ Թամոյանը: Եզդիների ազգային Նոր տարին ձմռանը չէ, այլ գարնանը և շարժական է: «Ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթին: Այս տարի կլինի ապրիլի 17 –ին»,- ասաց Ազիզ Թամոյանը:
Եզդիների ազգային Նոր տարին կոչվում է «Մալակե Թաուսի» տոն: Այդ օրը մարդիկ այցելում են գերեզմաններ, դա կոչվում է «Չարշամա սըրե սալե»։ Ըստ եզդիական հավատքի՝ տարեմուտի չորեքշաբթի օրը հանգուցյալները գալիս են դռան առաջ: Դրա համար երեքշաբթի օրը գաթա է թխվում, որի մեջ դրվում է հաջողության ուլունք, և ընտանիքի որ անդամի մոտ այն հայտնաբերվի, նրան կայցելի հաջողությունը:
Այնուհետև կատարվում է այցելություն գերեզմանոց, ուր տանում են նախապես պատրաստված կերակուրներ, աղոթքներ են անում, ապա շնորհավորում միմյանց, ինչպես նաև հանգուցյալների տոնը: Եզդիների առաջնորդի խոսքով՝ սակայն սա չի նշանակում, որ եզդիները չեն տոնում ոչ ազգային Նոր տարին, և ինչպես ընդունված է հայերի մոտ. նրանք նույնպես սեղաններ են գցում և փոխայցելություններ կատարում հարազատներին, ընկերներին ու հարևաններին: Դեկտեմբերի 21-ին եզդիները նշել են իրենց ազգային ամենասիրված տոներից մեկը՝ Կարմիր սուլթան եզիդի տոնը, որին նախորդում է մոտ տասնօրյա ծոմապահություն՝ հանգուցյալների համար՝ «բըրվա ռադըվըն», իսկ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ծոմ են պահում նախահայր Եզիդի համար: Բուն տոնի օրը բոլոր եզդիները բոլորը պարտադիր կարգով նվերներով այցելում են այդ տարի հանգուցյալներ ունեցող հարազատների տները, իսկ միմյանցից նեղացածները և խռովածները հաշտվում են: Չհաշտվողները չեն կարող եզդիներ համարվել:
|